Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հարությունյանը ողջունել է Տորոնտոյից ժամանած պատվիրակությանը և նշել, որ Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: «Շատ ուրախալի է, որ կանադահայությունը, լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկը, կարողացել է կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Ցանկանում եմ ընդգծել կանադահայության մեծ և կարևոր դերը Արցախի զարգացման գործում, ինչի համար հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ բարեգործական կառույցների ծրագրերին կանադահայերի գործուն աջակցությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր են իրագործվել:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով Հարությունյանին ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպված ընդունելության համար՝ Ջամբազյանը նշել է, որ Արցախ իրենց հերթական այցը կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- ասել է Ջամբազյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Կանադայի հայ համայնքի միջև առկա փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ որոշ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում