Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանրապետության Նախագահը կարևորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության ընթացիկ վիճակն ու անդրադառնալու հարաբերությունների խորացման նոր հնարավորություններին:

Փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար:

Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում