Հասարակական

Շոգ եղանակով պայմանավորված հրդեհների թիվն ավելանում է. ԱԻՆ-ը հորդորում է հետևել հրդեհային անվտանգության կանոններին

2 րոպեի ընթերցում

Շոգ եղանակով պայմանավորված հրդեհների թիվն ավելանում է. ԱԻՆ-ը հորդորում է հետևել հրդեհային անվտանգության կանոններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռանը շոգ եղանակով պայմանավորված հրդեհների թիվն ավելանում է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, ամեն տարի սովորաբար ամռանը հրդեհների թիվն ավելանում է: Եթե օրինակ ապրիլին գրանցվում է 100 հրդեհ, ապա ամռան ամսիներին՝ 3 անգամ ավելի:

«Այդ ակտիվությունն այս ամռանն էլ կա, ավելին ասեմ, միտում կա ավելանալու: Վերջին օրերին շոգ եղանակը երկար ժամանակ է պահպանվում: Եթե տարիներ էր լինում, երբ շոգն ընդմիջումներով էր, ապա հիմա կայուն ձևով պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Այսօր հրդեհավտանք իրավիճակ է, խոտածածկ տարածքները բավական չորացած վիճակում են և մի կայծը բավական է, որ հրդեհներ առաջանան իրենց ծանր հետևանքներով»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ խոտածածկ տարածքներում, անտառային հատվածներում հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Եվ դա ոչ միայն մեր երկրում է: Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ, բարեբախտաբար, կարողացել են խուսափել խոշոր անտառային հրդեհներից, բայց դա չի նշանակում , որ պետք է զգոնությունը թուլացնել:

«Մարդիկ այս ամիսներին ձգտում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում, անտառաշերտ տարածքներում վառում են խարույկներ, նետում են լուցկի, չհանգցրած ծխախոտ: Դրանք էլ հրդեհի պատճառ կարող են լինել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելը միայն հրշեջների գործը չէ: Եթե կարգապահություն չդրսևորեն հրդեհային անվտանգության հարցերում, ապա կունենանք աղետալի հրդեհներ»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Նա նշեց, որ շատերը բնության գրկում հանգիստը կազմակերպելուց հետո աղբը չեն հավաքում, նետում են ապակյա առարկաներ, շշեր, իսկ դրանք կատարում են ոսպնյակի դեր, արևի ճառագայթները ֆոկուսացվում են և կայծ է առաջանում: Հետևաբար, անտառածածկ տարածքներում արգելվում է խարույկ վառելը: ԱԻՆ-ը հորդորում է լինել ուշադիր և հետևել հրդեհային անվտանգության կանոններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում