Կարծիքներ

Քաղաքագետը ԼՂ գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է համարում

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը ԼՂ գոտում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:

Նրա խոսքով` լայնամասշտաբ երկարաժամկետ պատերազմի վերսկսումը չի բխում ոչ հակամարտության կողմերի, ոչ գերտերությունների շահերից:

«Ադրբեջանական կողմը անընդհատ սադրիչ գործողություններ է իրականացնում շփման գծում, հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու հայտարարություններով, սակայն չեմ կարծում, որ տարածաշրջանում երկարաժամկետ պատերազմը որևէ մեկի շահերից բխում է: Դա վերաբերվում է նաև գերտերություններին, որոնք առանց այն էլ տարածաշրջանում ունեն բազմաթիվ խնդիրներ Իրաքի, Սիրիայի, քրդերի հետ կապված»,- ասաց Միհրանյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, Ադրբեջանը կարող է կարճաժամկետ պատերազմ հրահրել` ելնելով ներքին քաղաքական խնդիրներից:

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսորը նշեց, որ վերջերս է Արցախից վերադարձել, որտեղ նաև մարտական դիրքերում է եղել և նկատել է ակնհայտ փոփոխություններ: «Ապրիլյան պատերազմից հետո դիրքերում կատարվում են լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ, ամրապնդվում են դիրքերը: Արցախում շատ բան է իրականացվել և ապրիլյան պատերազմում ի հայտ եկած թերությունները շտկվել են: Կարևորում եմ նաև զինվորների բարոյահոգեբանական վիճակը, որ բարձր մակարդակի վրա է»,- ընդգծեց Միհրանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում