Վարչապետն ընդունել է Հայաստանում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագիր նախաձեռնած ընկերությունների ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին: Հուլիսի 14-ին IDS և TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու և 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը ողջունել և կարևորել է մեր երկրում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրի նախաձեռնումը և հավաստիացրել, որ ի դեմս կառավարության՝ իտալական ընկերությունը և ընդհանրապես արտասահմանյան ներդրողներն ունեն հուսալի գործընկեր:

IDS ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին աջակցության պատրաստակամության համար և բարձր գնահատել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից համագործակցություն սկսելու ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքը: Ընդգծելով, որ Հայաստանում գիտահետազոտական ոլորտում գործունեություն ծավալելու լավ հիմքեր կան՝ Ալբերիկո Պարենտեն նշել է, որ սկզբնական շրջանում ընկերությունը նախատեսում է ներդրումներ անել ֆորենզիկ ոլորտում, բայց միայն այդ ոլորտով չի սահմանափակվելու:

Վահան Շաքարյանը և Ալբերիկո Պարենտեն Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացրել ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագիրը կիրականացվի 5 տարում, և ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական ﬕջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի շրջանակում երկկողմ գործարար կապերի հաստատման ու կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան