Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է. Արամ Ավագյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հայկական դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկը: Լինելով հենակետային մարզաձևերից մեկը՝ հայկական բռնցքամարտը միշտ էլ մրցունակ է եղել միջազգային ասպարեզներում: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկն է, ով վերջնականապես թողեց սիրողական բռնցքամարտը և տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Ավագյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակն է նշել պրոֆեսիոնալ ռինգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը խոսքեց իր` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու, ունեցած մենամարտերի, առաջիկա պլանների և բռնցքամարտի «էության» մասին:

-Արամ, կպատմե՞ք, թե ինչպես և երբ եք սկսել մարզվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել10 տարեկանից: Ֆիզիկապես շատ թույլ երեխա էի և բռնցքամարտով զբաղվելու հիմնական շարժառիթը ինքնապաշտպանվելն էր, ինչպես նաև մարզական դաստիարակություն ստանալը: Հայրս էլ նախկինում բռնցքամարտիկ է եղել: Ի սկզբանե չէի սիրում բռնցքամարտը: Երեք ամիս էլ չէր անցել, երբ ցանկություն ունեցա դուրս գալ: Շատ լավ հիշում եմ, դեռ 8 ամիս էր, ինչ մարզվում էի, մեծ փորձ չունեի և առաջին մրցաշարում հաղթեցի: Եվ հենց դրանից էլ սկսվեց մարզաձևի նկատմամբ սերը և հետաքրքրությունը:

-Ինչպիսի՞ն էր ընտանիքի անդամների արձագանքը:

-Բնական կլիներ, որ մայրս դեմ լիներ, սակայն կցանկանայի նշել, որ նա է ինձ տարել մարզումների: Միայն արդեն 14 տարեկանից հետո չէի ցանկանում, որ գան. շատ ծանր էին տանում մենամարտի ամեն դրվագ:

-Հիմա վերջնակապես թողեցիք սիրողական բռնցքամարտը և անցաք պրոֆեսիոնալին: Ինչո՞ւ կայացրեցիք այս որոշումը:

-Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ սիրողական բռնցքամարտում ինձ պահող ոչինչ չունեմ: Իմ նպատակն Օլիմպիական խաղերն էին, մեդալ նվաճելու բոլոր շանսերն ունեի: Չեմ ասում, որ այնտեղ որևէ մեկը բարձր էր կամ ցածր: Պատրաստ էի բոլորի հետ ճակատ տալու: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, 25 տարեկանն այն տարիքն է, որ, սիրողական ռինգում փորձ հավաքած, տեղափոխվես պրոֆեսիոնալ ռինգ:

-Այդ դեպքում ի՞նչ է պետք ձեզ՝ ձեր նպատակին հասնելու համար:

-Իհարկե, աշխատասիրություն: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հաջողության մեջ 1 տոկոսը մարդու տաղանդն է, իսկ 99 տոկոսը՝ աշխատասիրությունը:

-Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն թույլատրում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ևս մասնակցեն Օլիմպիական խաղերին: Ամեն դեպքում գուցե կտեսնե՞նք քեզ Տոկիո-2020-ին:

-Հիմա կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա: Իմ նպատակը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Գուցե 2019 կամ 2020 թվականին որոշում կայացնեմ վերադառնալ և օլիմպիական վարկանիշ նվաճեմ: Եվ ինչու ոչ, իրականություն դարձնեմ օլիմպիական երազանքս:

-Արամ, օրեր առաջ հերթական մենամարտն անցկացրեցիք պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ կասեք մրցակցի մասին:

- Հակառակորդս երիտասարդ բռնցքամարտիկ էր, բայց շատ, շատ համառն էր: Մի պահ տպավորություն ունեի, թեկարող եմ շուտ վերջացնել մենամարտը, սակայն նա մնաց ոտքերի վրա: Ես մեկ խնդիր ունեի այս մենամարտի համար՝ ռինգում 8 ռաունդ անցկացնելն էր, 8 ռաունդ զգալը, ինչը ես շատ լավ արեցի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու ունես շատ ժամանակ մենամարտի ելքի վրա ազդելու համար: Սիրողական բռնցքամարտում միայն 3 ռաունդում պետք է օգտագործես քո ամբողջ «զինանոցը», ի հակառակ դրան պրոֆեսիոնալ ռինգում պետք է գտնես հարմար պահը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է: Քեզ սթափ միտք և սառը դատողություն է պետք ռինգում:

-Երբ ռինգում եք, հիշո՞ւմ եք մրցակցի թույլ կողմերը, թե հույսը դնում եք ձեր առավելությունների վրա:

-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մինչ մենամարտի մեկնելը մի լավ ուսումնասիրում ես մրցակցին: Մարզումների ընթացքում աշխատում ես այն ուղղությամբ, որոնք օգտագործելու ես իր դեմ: Բայց երբեմն լինում է այնպես, որ ռինգում ես սկսում նրա թույլ կողմերը բացահայտել, որոնք մինչ այդ անհայտ էին:

-Ի՞նչ կամ ո՞ւմ եք լսում ռինգում, մենամարտի ժամանակ:

-Վերջին մենամարտիս ժամանակ, որը 8 ռաունդից էր բաղկացած, լսում էի թե հանդիսատեսին, թե իմ մարզչին: Կարծում եմ, դա խոսում է այն մասին, որ դու հոգեբանորեն կայուն ես: Բայց, բացի քո անկյունից, ոչ մեկի պետք չէ լսել:

-Արամ, եթե չլիներ բռնցքամարտը, ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:

-Կարծում եմ, ֆուտբոլիստ կդառնայի: Քանի որ ինչ ինքս ինձ հիշում եմ, բակում ֆուտբոլ եմ խաղացել: Շրջապատում հաճախ էին հարցնում՝ արդյո՞ք ֆուտբոլիստ չեմ: Միշտ ասում էի` ոչ: Կարծում եմ, որ ֆուտբոլով կզբաղվեի, բայց ոչ մեր երկրում: Որքան էլ ցանկությունը մեծ լինի, մեր երկրում ֆուտբոլը այդքան էլ զարգացած չէ: Իհարկե, մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կձգտեի մարզվել Իսպանիայում և, ինչու ոչ, խաղալ «Ռեալ»-ում` իմ սիրելի ակումբում:

-Սովորաբար մասնագիտություն ընտրելիս հաշվի ենք առնում դրահաճելի կողմերը, բայց ի՞նչը չեք սիրում բռնցքամարտում:

-Չէի ցանկանալ ասել, թե ինչը դուր չի գալիս: Բայց սպորտի մեջ ամենաշատը չեմ սիրում ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքը: Սակայն ամեն առավոտ վազում և երեկոյան հենց այդ ֆիզիկական աշխատանքն եմ անում:

-Արամ, հիմա մի քանի բլից հարցեր. սո՞ւրճ, թե թեյ:

-Սուրճ: Մրցումների ժամանակ շատ եմ օգտագործում:

-Թո՞մը, թե Ջերին:

-Թոմը:

-Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Մարադո՞նա, թե Պելե:

-Ռոնալդո (բրազիլացին):

-Սև՞, թե սպիտակ:

-Երկուսն էլ:

-Շնորհակալություն, հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի և Արամ Ավագյանի արխիվից

Հայերեն Русский

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ