Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց Թամանյան դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մայր Հայաստան» թանգարանի մոտ Հայրենական մեծ պատերազմի 72-ամյակի կապակցությամբ առաջին անգամ կազմակերպվեց 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը նախաձեռնել է «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը` ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի ազգային կինո կենտրոնի աջակցությամբ: Բեմականացված փոքրիկ մարտական դրվագում դպրոցականները հանդերձավորվեցին այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներով, զենքերով և սկսեցին «մարտ» վարել:

Այս նախաձեռնությանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Վոլինկինը, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ:

«Թամանյան դիվիզիայի հաղթական ճանապարհը բոլորիս շատ հայտնի է` Կովկասի, Ստալինգրադի, Ղրիմի մարտերը, Սևաստոպոլի ազատագրումը… Սա միակ ազգային դիվիզիան է, որը մասնակցել է Բեռլինի գրավմանը: Հատկապես շատ հաճելի է, որ նման միջոցառումներն անց են կացնում երիտասարդները և երիտասարդական կազմակերպությունները, որոնք գիտակցում են անմահ հերոսների հիշատակի պահպանման իրենց պատասխանատվությունը: Ամեն տարի հայ երիտասարդությունը ուրախացնում է մեզ նմանատիպ միջոցառումներով: Դա նշանակում է, որ մեր սրտերում շարունակում են մնալ մեր նախնիների սխրագործությունները»,- ընդգծեց դեսպան Իգոր Վոլինկինը:

Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի խոսքով` միջոցառումը խորհրդանշական է և այս օրերը թույլ են տալիս հիշելու փառավոր, բայց միևնույն ժամանակ ողբերգական դեպքերը:

«Այս օրերին հիշում ենք մեր նախնիների միասնությունը: Խորհրդային Միության ժողովուրդը կյանքը չխնայելով կերտում էր մեծ հաղթանակը, ինչին կարողացավ հասնել շատ մեծ գնով: Չորս տարի արյունահեղ մարտերը եղել են անմարդկային դժվար: Հովհաննես Բաղրամյանը եղել է գլխավոր հրամանատարներից մեկը, ում հրամանատարության ներքո հաջողվել է ազատագրել Բելառուսը: Մենք շարունակում ենք հիշել և հարգել այդ մարդկանց հիշատակը»,- ասաց Իգոր Նազարուկը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է տարեցտարի նմանատիպ միջոցառումների քանակը ավելացնել:

«Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն մարտերի վերակերտումները: Հանդերձանքի և սպառազինության առումով նման միջոցառումները Հայաստանում կազմակերպելը: Ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից երիտասարդների համար շատ կարևոր են նման միջոցառումները մեծ խնդիր չէ: Երիտասարդ տղաների համար, ովքեր հետագայում պետք է զինվոր դառնան, շատ հետաքրքիր է տեսնել և շոշափել զենքերը, որոնք ներկայումս օգտագործում են կամ օգտագործել են իրենց պապերը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հայերեն

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս