Հասարակական

Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար

2 րոպեի ընթերցում

Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն` Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Ս.-ն կատարողական վարույթի շրջանակներում իրենից վերցրել է ընդհանուր 3.650 ԱՄՆ դոլար, սակայն նշված գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր վստահությանը հանձնված հիշյալ գումարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում