Միջազգային

Քիմ Քարդաշյանի այցի պատճառով տուգանվել է Դուբայի մանկական կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի այցի պատճառով տուգանվել է Դուբայի մանկական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Khaleej Times պարբերականին։

Ինչպես հայտնում է պարբերականը, նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է այս իրավիճակի հետաքննությամբ։

Դուբայ կատարած այցելության ժամանակ Քարդաշյանը հանդիպել է Rashid Paediatric Therapy Centre կենտրոնի երեխաներին և շապիկներ նվիրել նրանց։

Նախնական տեղեկություններով` կենտրոնը ժամանակ չի ունեցել այս այցի մասին նախարարությանը տեղեկացնելու համար, քանի որ Քարդաշյանը խնդրել է ԶԼՄ-ներին չհայտնել իր այցի մասին։ Այդուհանդերձ, կենտրոնը պարտավոր էր համաձայնեցնել Քարդաշյանի լուսանկարահանումը երեխաների հետ, հատկապես այն շապիկներով, որոնք նա բերել էր իր հետ։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` համաձայնեցումը կենտրոնի երեխաների մասնավոր կյանքի պահպանման միջոցներից մեկն է։ Օրենքի համաձայն` Դուբայում վերականգնողական կենտրոններին և հասարակական կազմակերպություններին արգելված է բարեգործական գումարներ ստանալ։ Գումար փոխանցելու կամ ԶԼՄ-ների լուսաբանման հետ կապված այցելություններից առաջ այդ կազմակերպությունները պետք է նախապես գրավոր համաձայնություն ստանան իշխանությունից։

Նախարարության ներկայացուցչի խոսքով` իրենք չէին հաստատի այդ այցը, եթե իրենց նախօրոք դիմեին, քանի որ այն չի համապատասխանում «ԱՄԷ ավանդույթներին ու սովորույթներին»։ Տուգանքի չափը չի նշվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում