Առաջիկա 5 օրում կպահպանվի տաք և չոր եղանակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև առաջիկա 5 օրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հոկտեմբերի 7-ին կնկատվի թույլ ամպամածություն, որը սակայն չի ազդի բարձր ջերմային ֆոնի վրա: Մյուս օրերին հանրապետության բոլոր մարզերում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:
Ամենատաք օրերը կլինեն հոկտեմբերի 6-9-ը, երբ Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը առանձին հատվածներում կհասնի +30-ի, Արարատյան դաշտում և Երևանում +28...+29-ի: Օդի ջերմաստիճանը բարձր կլինի նաև լեռնային մարզերում, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ցերեկային ժամերին սպասվում է +20...+25 աստիճան տաքություն: