Կարծիքներ

Պատգամավորը բացառում է Մինսկի խմբի համանախագահող երկրների թվում Թուրքիայի հայտնվելը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը բացառում է  Մինսկի խմբի համանախագահող երկրների թվում Թուրքիայի հայտնվելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը ռիսկ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն վստահ է, որ հայկական կողմն այդ գերկարևոր հարցում որևէ զիջման չի գնա: «Հայկական կողմը չի կարող որևէ զիջման գնալ այս հարցում, որովհետև այն մեզ համար գերկարևորագույն խնդիր է, մենք այստեղ զիջելու խնդիր չունենք: Քննարկման սեղանին կարող են դրվել և քննարկվել ինչ-որ հարցեր այն պարագայում, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերը ունենան համաձայնություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը դարերի խորքից է գալիս. նրանց հարաբերություններում լարվածությունն ու ջերմությունը պարբերաբար հաջորդել են միմյանց: «Հիմա մենք ականատես ենք լինում հերթական ջերմացմանը, որին նախորդել է շատ լարված իրավիճակ: Ես կարծում եմ, որ մենք կարևոր քննություն բռնեցինք, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարված վիճակում էին, և Ռուսաստանից հնչում էին կոչեր, որ այդ լարվածությունից օգուտներ քաղելու համար պետք է Հայաստանն էլ օգտագործել, բայց մեր հասարակությունը և ղեկավարությունը չտրվեցին այդ գայթակղությանը: Ես համոզված եմ, որ մենք նույնքան ճիշտ կարձագանքենք ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանն արդյունքում հնարավոր խնդիրներին»,- ասաց նա:

Գագիկ Մինասյանը բացառեց, որ Թուրքիան երբևէ կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների թվում: Նա հիշեցրեց, որ Թուրքիան մշտապես իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ուստի նման երկիրը չի կարող լինել համանախագահող երկրների թվում: Պատգամավորը նաև հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շարքում հայտնվելու ցանկացած երկրի թեկնածության պետք է հավանություն տան հակամարտող երեք կողմերը, իսկ Հայաստանն ու Արցախը երբեք թույլ չեն տա, որ Թուրքիան համանախագահող երկիր դառնա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում