Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն և բարեկեցություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը հրապարակեց իր հռչակագիրը, որով հիմք դրվեց այսօրվա Եվրոպական միության կառուցման գործընթացին: Այս կարճ պատմական ժամանակահատվածում Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարն անցել է փորձաքննություն, ապացուցել իր կենսունակությունը և ի ցույց դրել ժողովուրդների համատեղ ապրելու առավելությունները: Ըստ էության, ԵՄ-ի հեղինակությունն այսօր անցնում է իր աշխարհագրական սահմաններից շատ հեռու:

Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները: Մենք անցյալ տարի Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի Խորհրդի նախագահ պարոն Տուսկին, հանձնակատար Յոհաննես Հանին, այս տարվա մարտին Հայաստանում էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ տիկին Մոգերինին: Այս այցելություններն իրենց մեջ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր:

Մեր բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, և հուսով ենք, որ ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ «Եվրոպայի օրվա» տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի և ընդարձակ Եվրոպական ընտանիքի հետ:

«Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար: Գյումրիից մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ և մեր լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Սվիտալսկին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, փոխգործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ