Հայաստանի Մ19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ոչ-ոքի խաղաց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ապրիլի 13-ին Հայաստանի Մ19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն արդեն երկրորդ հանդիպումն անցկացրեց իսրայելցի հասակակիցների դեմ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստան-Իսրայել Մ19 տարեկանների հավաքականների երկրորդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջում` հանդիպման 41-րդ րոպեին, իսրայելցիներն Անաս Մահամիդի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Թվում էր, թե սա կարող է իրական կրկնությունը դառնալ օրեր առաջ նույն վայրում կայացած ընկերական խաղի, երբ իսրայելցիները կարողացել էին հաղթել չոր` 2-0 հաշվով, սակայն գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ հանդես եկող Հայաստանի Մ19 տարեկան ֆուտբոլիստները փրկեցին հանդիպումը` երկրորդ խաղակեսի վերջնամասում խփելով պատասխան գնդակը: Հայաստան-Իսրայել հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ գլխավոր մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց իսրայելցիների դարպասին: Վահան Բիչախչյանին հաջողվեց պատասխան գոլը խփել` անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Չնայած հանդիպումը մեծ կարևորություն ու մրցաշարային նշանակություն չուներ, այնուամենայնիվ նկատելի էր, որ հայ ֆուտբոլիստները փորձում էին անպայմանորեն ռևանշի հասնել ընդամենն օրեր առաջ կայացած ընկերական խաղում կրած 0-2 հաշվով պարտության համար: Ինչևէ, ռևանշի հասնել չստացվեց, սակայն լավ է, որ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ թիմը չպարտվեց: