5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է որպես ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակ: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին Բեքարյանը նշեց, որ վերջին օրերին հանրության շրջանում մեծ համախմբվածություն կար:
«Այն, ինչ ունենք, աննախադեպ է: Հայկական երկրորդ պետության համար վտանգ էր առկա: Ոչ ոք, առավել ևս թշնամին, չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում «կազատագրեն» թե’ Ղարաբաղը, թե’ հարակից տարածքները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Բեքարյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով` Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարեցվում էր ՀՀ պետբյուջեին. հարևան երկիրը վերջին շրջանում միլիարդների հասնող սպառազինությունների գործարքներ էր կնքում: «Այս ամենը մեկ նպատակի էր ծառայում. Ադրբեջանի խոսքով՝ «պատերազմը չի ավարտվել, եղել է առաջին փուլը, երկրորդ փուլի ժամանակ իրենք ամեն ինչ կապացուցեն»,-նշեց Կարեն Բեքարյանը:
Նրա համոզմամբ` Ադրբեջանն իրականացրեց պատրաստված, պլանավորված հարձակում:
«Հաշվի էր առնված այն հանգամանքը, որ գերագույն հրամանատարը` ՀՀ նախագահը, անմիջական կապի որոշակի խնդիրներ է ունենալու, գործողությունները համընկնում էին երկրի ղեկավարի վերադարձի հետ: 22 տարի պատրաստած հարձակում էր: Թե ինչ է եղավ արդյունքը` բոլորի աչքի առաջ է»,-հավելեց ԱԺ պատգամավորը:
Կարեն Բեքարյանի խոսքով` Ադրբեջանում ժողովրդավարության ստվեր անգամ չկա: «Տեսնում ենք, թե մեդիայի նկատմամբ ինչ է կատարվում: Ադրբեջանի իշխանությունները հանրությանը երկար ժամանակ հեքիաթներով են պահել»,-նշեց նա:
ԱԺ պատգամավորի խոսքով` տեղի ունեցած իրադարձությունները համընկնում են Panama Papers գաղտնազերծված փաստաթղթերի արտահոսքի հետ: Նրա համոզմամբ` Ադրբեջանի ղեկավարն իրականության զգացողության կորուստ ունի, և փոքր ժամանակ «մարդուկներով» չխաղացած խաղը որոշում է հիմա խաղալ:
«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, իրականացրել ռազմական հանցագործություններ: Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ: Բոլոր մայրաքաղաքներում հստակ պատկերացնում են, որ աշխարհի որևէ կոնֆլիկտի պարագայում այս երկրներին միջնորդ ընկալելը շատ բարդ է լինելու: Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս գա, քանի որ պատերազմ է հրահրում»,-նշեց նա` շեշտելով, որ հայաստանյան դիվանագիտությունը պետք է բանակի լուծած խնդիրներից հետ չմնա:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ադրբեջանն ինտենսիվ խախտում է պայմանավորվածությունը` ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը կատարելով դիվերսիոն անհաջող երկու փորձ, ապրիլի 6-ի գիշերը կրակի տակ պահելով անգամ ՀՀ Վարդենիս քաղաքը: