Մոսկվան համանախագահների հետ առաջարկություններ ունի. Սերգեյ Լավրով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եռակողմ «քաղաքական, ավնտանգության, տրանսպորտի, ահաբեկչությանդեմ պայքարի» համագործակցության հարցեր քննարկելու համար ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի համակարտութւյան կարգավորման խնդրին:
«Մենք, իսկապես, նախագահի, վարչապետի, մեր նախարարության եւ, իհարկե, Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի մակարդակով ձեռնարկել ենք ամեն անհրաժեշտը, որպեսզի օգնենք կողմերին՝ հասնելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածության: Պատրաստ ենք օժանդակել այն բանին, որպեսզի այդ պայմանավորվածությունը չխախտվի: Կարեւոր է, հանգստացնելով այդ կոնկրետ հարցում իրավիճակը, ավելի ակտիվ- հուսով եմ` մեզ դրան կմղեն վերջին օրերի իրադաձությունները- զբաղվել քաղաքական կարգավորմամբ:
Մենք առաջարկություններ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ակտիվորեն գործի դնել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության հասնելու շահերից ելնելով:
Ես հույս ունեմ, որ մենք նաեւ կկարողանանք ուշադրություն նվիրել այդ հարցերին միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում եւ այդ մասին կխոսենք այսօր եւ վաղը: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք այն սկզբունքները, որոնք ներկայում ձեռնարկվել են համանախագահների կողմից: Նրանք այցելել են Բաքու, վաղը կլինեն շփման գծում, հաջորդ օրը` Երեւանում: Եւ ԵԱՀԿ օգնությամբ, մեզ թվում է, եւ իհարկե, ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլ նաեւ Կարմի խաչի միջազգային կոմիտեի, շատ կարեւոր է ամենամոտ ժամանակում ընդունել վստահության ինչ-որ միջոցներ եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ քաղաքական գործընթացը վերսկսելու համար», -ըստ ԱՊԱ-ի` ասել է Սերգեյ Լավրովը: