Թալիշ գյուղի բարբարոսությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԼՂ-ն երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Գագիկ Համբարյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում ադրբեջանցիների կողմից հայ ընտանիքին սպանելը բարբարոսություն է, ցեղասպանություն: Դա մեկ անգամ ևս ապացուցում է այն, որ ԼՂ-ն ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Ես բացարձակապես չեմ զարմանում ադրբեջանցիների նման գործողություններից: 1991-1994 թվականների ռազմական գործողություների ժամանակ մենք առնչվել ենք այնպիսի վայրագությունների հետ, ինչպես, օրինակ, Մարաղայի դեպքերն էին, Ստեփանակերտի ռմբակոծությունները և այլն: Այս վայրագությունը մեր ԱԳՆ-ն պետք է օգտագործի՝ միջազգային հանրությանը կրկին ներկայացնելով, որ Ղարաբաղը չի կարող լինել Արդբեջանի կազմում: Այս վայրագությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչինչ չի փոխվել թուրքերի հոգեբանության մեջ` սկսած 1994-ից, երբ աղերսեցին հրադադար»,-ասաց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի միջազգային իրավունքի մասնագետները նույնպես անելիք ունեն: Իրավագետները Թալիշի դեպքը պետք է ներկայացնեն միջազգային իրավական ատյաններին:
«Ես հույս ունեմ, որ այս հարցը կհասնի մինչև Հաագայի միջազգային դատարան: Ադրբեջանը, որպես պետություն, պետք է պատասխանատվություն կրի իր զինվորների կողմից գործած հանցագործության համար: Ռազմական գործողությունների ժամանակ զինվորների ուղղությամբ կրակելն այլ է, և բոլորովին այլ բան է, երբ ադրբեջանցի զինվորականը կտրում է ծերունու ականջը և գնդակահարում: Սա ցեղասպանություն է, էթնիկ զտում: Ադրբեջանը նույնիսկ չի կարողանում ընդունել, երբ իր կողքին որևիցե հայ կա, թեկուզ ծերունի»,-ասաց քաղաքագետ:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին` Գագիկ Համբարյանը նշեց, որ հիասթափված է, բայց այդ ամենն իր համար սպասելի էր:
«Կրկին անհասցե, լղոզված հայտարարություներ են, որոնցով երկու կողմին կոչ է արվում դադարեցնել կրակը` շատ լավ գիտենալով, որ հենց Ադրդբեջանն է շահագրգռված նման իրավիճակի հարցում: Ի վերջո չթաքցվեց, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, այդ մասին բացեիբաց ասաց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը: Մի փոքր զարմանալի էր Բելառուսի հակահայկական հայտարարությունը: Կարծում եմ, ռազմական գործողություների դադարեցումից հետո, Հայաստանի իշխանություններն անպայման պետք է անդրադառնան դրան»,-ասաց Գագիկ Համբարյանը` նշելով, որ հայկական կողմը պետք է նաև կոպիտ արձագանքի ԵԽԽՎ նախագահի հակահայկական հայտարարությանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:
Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը, հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ, շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: