ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով կվերադառնա Բելգիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը և կայքը, նա համերգ կունենա Անտվերպեն քաղաքի «Lotto Arena» սրահում: Համերգը կկայանա հունիսի 5-ին:
Նույն սրահում երգիչը համերգ է ունեցել 2014 թվականին: Նա «Lotto Arena»-ում հանդես է եկել նոյեմբերի 22-ին:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: