Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է. Շառլ Ազնավուրը երգեց, պարեց ու բեմից թաշկինակ նետեց հայ երկրպագուներին

Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է. Շառլ Ազնավուրը երգեց, պարեց ու բեմից 
թաշկինակ նետեց հայ երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա լի է կյանքով, առույգ է ու անդառնալիորեն սիրահարված երաժշտությանն ու երգին. ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված իր բացառիկ համերգի ընթացքում ևս մեկ անգամ հիացրեց հայ ունկնդրին:

«Առաջին անգամ է, որ մի քանի խոսք պետք է ասեմ: Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ավելի հեշտ է ինձ համար: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել. հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`համերգի մեկնարկին նշեց Շառլ Ազնավուրը: Հայ ունկնդիրը երգչին դիմավորեց անվերջ ծափերի ներքո և հոտնկայս:

Մեծ Շառլը երևանյան բեմում կատարեց հին ու նոր երգեր, այդ թվում` ամենահայտնի «Sa Jeunesse», «Avé Maria», «La Bohème», «Hier encore», «Les deux guitares», «Avec un brin de nostalgie» գործերը: Երգիչն իր երևանյան համերգի ընթացքում պատմում էր երգերի մասին, կատակներ անում, որոշ երգեր կատարում էր կանգնած, մյուսներն էլ` նստած:

91-ամյա երգիչը շատ էմոցիոնալ էր, ակտիվ. նույնիսկ պարեց իր երկրպագուների համար: «La Bohème»-ը երգելիս նա իր թաշկինակը նետեց բեմից, և շատ երկրպագուներ շտապեցին այն վերցնել:

Բազմաթիվ բեմեր ու հանդիսականների ծնկի բերած արտիստը ծաղիկների պակաս չգաց. ծաղիկներ հանձնելիս երկրպագուներից մեկն անգամ համբուրեց Շառլ Ազնավուրին:

Բազմաթիվ երկրպագուների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար Ազնավուրի համերգը սպասված էր: «Երբ ասում են Ազնավուր, առաջին հերթին խոր հպարտության, բացի այդ, բարձր արվեստի ու բարձր պրոֆեսիոնալիզմի զգացում է առաջանում: Փառք Աստծո, որ մենք հնարավորություն ունենք հաղորդակից լինելու նրա արվեստին: Ազնավուրի ցանկացած երգ գլուխգործոց է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հասմիկ Պողոսյանը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]