ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի կյանքը և գործունեությունը կամփոփվի մեկ գործողությամբ բալետում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց, որ նոր բեմադրություն է պատրաստում:««Լա բոհեմ»-ի հիմքում կլինեն Շառլ Ազնավուրի երգերը: Այն կներկայացնի Շառլ Ազնավուրի ուղին: «Լա բոհեմ»-ը մոտ 40 րոպեանոց 1 գործողությամբ բալետ է: Ամենահայտնի երգերն են լինելու: Չնայած` Ազնավուրի մոտ բոլոր երգերն էլ հայտնի են, շատ դժվար է ընտրել»,-նշեց Ռուդոլֆ Խառատյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստերի խոսքով` բալետում կներկայացվի Ազնավուրի` որպես արտիստի կայացման ողջ ուղին, այն, թե ինչպես նա հանդիպեց Էդիթ Պիաֆին, ինչերի միջով անցավ:Խառատյանի հավաստիացմամբ` ներկայացումը թատրոնում հնարավոր կլինի դիտել 2016-ի աշնանը:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը2015թ.հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:
Ռոզա Գրիգորյան