ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտականթատրոնի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելն աբսուրդի ժանրից է: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում արտահայտեց «Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ Արա Խզմալյանն` անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող իրավիճակին և ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակին, որում նա խնդրում էր ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը:
«Նման նախադեպ մենք չունենք: Նման քայլի գնալու որևէ իրավական հիմք չկա, որովհետև չի կարող մի տեսակետի հիման վրա ամբողջ թատերախմբի գործունեությունն, առանց որևէ լուրջ հիմնավորման, իրավական, կարգապահական խախտումների, կասեցվել: Որևէ մեկին աշխատանքից ազատելը բարդ պատմություն է, բայց պահանջել, որ ամբողջ խմբի գործունեությունը կասեցվի, անհնար է: Ոչ մի տնօրեն, ոչ մի նախարար դրա տակ չի մտնի: Նշանակում է` միանգամից տասնյակ մարդկանց մատնել սովի: Պատկերացնո՞ւմ ենք, ինչ կլինի, երբ 70 մարդ միասին դիմի դատարան և պահանջի ազատման հիմնավորում: Մի բան առաջարկելուց առաջ մարդ պետք է երկար մտածի: Ընդ որում` դիմել բաց նամակով, առավել անհասկանալի է»,-նշեց Արա Խզմալյանը:
Հունվարի 29-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արա Խզմալյանը:
«Արմենպրես»-ի հարցին` արդյոք թատրոնում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նշված էր Արմեն Մելիքսեթյանի` նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված բաց նամակում, Խզմալյանը պատասխանեց, որ նիստի օրակարգում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու հարցը ներառված չի եղել:
«Օրակարգում կառուցվածքային փոփոխությունների խնդիր չկար: Եղել է ֆինանսական և բովանդակային հաշվետվություն, 2016-ի ընթացիկ խաղացանկի քննարկում և հաստատում, 2016-ի ստեղծագործական ծրագրերի և թատրոնում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի քննարկում»,-շեշտեց նա:
Դիտարմանը` արդյոք Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը մնալու է թատրոնում, շարունակելո՞ւ է աշխատել, թե՞ ոչ, Արա Խզմալյանը նշեց.
«Շարունակելո՞ւ է, թե ոչ` կարող է որոշել միայն թատրոնի տնօրենն իր ձեռքի տակ եղած փաստական հիմքերի հիման վրա: Ես չեմ կարող ասել: Մեր նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ հակադիր կողմերին արտահայտվելու, համագործակցության եզրեր գտնելու, հարցը խաղաղ կարգավորման բերելու հնարավորություն կտրվեր: Դրանից հետո` ինչպես կդրսևորվեն` կորոշի թատրոնի կոլեկտիվը, տնօրենը: Գեղարվեստական խորհրդի խնդիրը չէ: Ինքս կարծում եմ, որ ճիշտ կլիներ պարոն Մելիքսեթյանը բոլոր իր պատկերացումները, իր սկզբունքներն արտահայտեր, երբ ստանձնում էր այդ թատրոնի ղեկավարությունը: Խնդիրն այն է, որ 1-1,5 տարի աշխատելուց հետո նոր առաջարկել գործող կոլեկտիվի կազմալուծում`որևէ մեկը չի կարող հասկանալ և ընդունել»,-հավելեց նա:
Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահի խոսքով` իրենք դիտարկել են նաև թատրոնի ֆինանսական ցուցանիշները: «Բավական լավ պատկեր է, հիմա այլ խնդիր է` հավանո՞ւմ ենք ներկայացումները, չե՞նք հավանում: Բայց հարցը բաց նամակով և հրապարակային ձևով չի լուծվում: Ավելի լուրջ խնդիրներ կան»,-շեշտեց նա:
Արա Խզմալյանը նաև հաստատեց, որ երկու նոր ներկայացման հայտ է ներկայացվել, որից մեկը Արմեն Մելիքսեթյանն է առաջարկել:
«Եթե կարող է, թող աշխատի, համախմբի կոլեկտիվին, և իրականացնի բեմադրությունը: Ես նիստի ժամանակ էլ ասացի` չեմ պատկերացնում, թե բաց նամակից հետո այդ համագործակցությունն ինչպես է կարող է ընթանալ: Թատրոնի ներքին խնդիրն է: Մենք քննարկել ենք ստեղծագործական խնդիրներ և ամեն ինչ արել ենք, որպեսզի տնօրենը և ռեժիսորը կարողանան հասկանալ հակասությունների պատճառը: Թե ինչ եզարակացությունների կգան և կկարողանա՞ն արդյոք համագործակցել` ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին բաց նամակ է գրել և խնդրել ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ: Հրապարակումներում նշվում էր, որ թատրոնում առկա են տարաբնույթ խնդիրներ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ «Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեագրած բաց նամակն ուղարկվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ պարզաբանումների համար, և հունվարի 29-ին գեղարվեստական խորհրդի նիստում ընթացքում քննարկվելու և պարզաբանվելու են թատրոնի 2016 թվականի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները: