Սերժ Թանկյանը Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելու հույս է հայտնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին`ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:
«Կուզեի մասնավորապես շնորհավորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին`ձեր 10-ամյակի կապակցությամբ: Շնորհավոր: Հուսամ մի օր միասին կաշխատենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`տեսաբացիկում նշել է Սերժ Թանկյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնում է ստեղծման 10-ամյակը: Հոբելյանի առթիվ հունվարի 25-ին կկազմակերպվի տոնական երեկո, որին կմասնակցի նաև աշխարհահչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և դրա սահմաններից դուրս: