ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հայտնել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք երկու համերգների նոր ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, համերգները տեղի կունենան 2016 թվականի հունվարի 21-ին և 23-ին Heineken Music Hall-ում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Ազնավուրը Ամստերդամում պետք է ելույթ ունենար նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 9-ին:
Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր և աղիքային վարակ ունի:
«Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը.սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,- «Արմենպրես»-ի` երգչի առողջական վիճակին առնչվող հարցին ավելի վաղ պատասխանել էր Ազնավուրիմամուլի խոսնակՔրիստինա Սարգսյանը:
Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևհարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: