Արամ Առաջինը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից, ցավակցական ուղերձում ասվում է.
«Խոր ցավով ու ընդվզումով երեկ գիշեր հետևեցինք Փարիզի ահաբեկչական դեպքերին։ Արդարև, հավաքական ահաբեկչության, այլ խոսքով՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին գոյութենական փորձառությամբ գիտեն, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց արյունը թափել։ Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, որի դեմ աշխարհի բոլոր կրոնները, մշակույթները, քաղաքակրթություններն ու ազգերը կոչված են հավաքական կեցվածք որդեգրել` այն արմատախիլ անելու մարդկային հասարակությունից:Դատապարտում ենք Փարիզի ոճիրը, կիսում ենք Ձեր ցավն ու ընդվզումը եւ զորակցում հայ ժողովրդի երկար դարերի բարեկամ ու մարդկային գերագույն արժեքներին հավատարիմ ֆրանսացի ժողովրդին։Աղոթում ենք ահաբեկչական գործողություններին զոհ գնացած անմեղ հոգիների համար, եւ մեր խորազգաց ցավակցությունները հայտնում նրանց ընտանիքներին»։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, 127 մարդ, տուժել է ավելի քան 250 մարդ, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել: