ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները իրականացվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք դիտարկեցինք երկու նախագահների սեպտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ստորագրված համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց կատարվում են: Երկկողմ համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ համագործակցության բոլոր ոլորտներում»,-նշեց նա:
ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի: