Հասարակական

ՀՀ-ում ներդրվում է դատապարտյալներին հանձնունքներն առցանց փոխանցելու եղանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ներդրվում է դատապարտյալներին հանձնունքներն առցանց փոխանցելու եղանակ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ, այն է՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարւթյան հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում:

«Ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նախատեսել համացանցի միջոցով կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու հնարավորությունը, որի արդյունքում կվերանա դրանք փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ այցելելու անհրաժեշտությունը, կնվազեն քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներ հանձնելու համար գոյացող հերթերը, կվերանա ուղարկվող ապրանքները զննելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կնվազի արգելված իրերի և առարկաների փոխանցման վտանգը»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ հնարավոր կլինի փոխանցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am)» միջոցով՝ պատվերներ կատարելով։ Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով կկարողանա ծանոթանալ առցանց պատվեր կատարելու ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրին, որով սահմանված պայմանների ընդունումից հետո կարող է կատարել պատվեր:

Միաժամանակ, առցանց պատվեր կատարելու գործընթացը կիրականացվի նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատակցից կընդունի ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում կփոխանցի դատապարտյալին կամ կալանավորված անձին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում