Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում Նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` մեր երկրի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն:

Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում