Հասարակական

Գյումրիում կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցու օծումը քրիստոնեական եկեղեցիների միջև միության վկայություն է. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցու օծումը քրիստոնեական եկեղեցիների միջև միության վկայություն է. Արամ Ա

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սրբոց նահատակաց կաթողիկե եկեղեցու օծումը հայրենի հողի վրա հայ ժողովրդի ամբողջականության եւ միության գեղեցիկ վկայումն է: Այս մասին նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքում, որն ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Հալեպի թեմի առաջնորդ Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը:Արամ Ա կաթողիկոսի խոսքով` եկեղեցու օծումը, հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայությունը քրիստոնեական եկեղեցիների միջև միության և սիրո, հայ ժողովրդի զավակների միասնության վկայություն են:

«Մեր նահատակների արյամբ զովացած մեր պետությունը անսասան է պահում Հայոց աշխարհը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և սփյուռքի ողջ ժողովուրդը: Սրբադասված մեր նահատակներով մենք միասնական պահանջատիրական ոգով կշարունակենք մեր երթը`մեր ժողովրդի արդար իրավունքների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Արամ Ա կաթողիկոսի օրհնության խոսքում:

Նրա անունից Շահեն արքեպիսկոպոս Սարգսյանը ողջույններ է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցու բացման կապակցությամբ Պապական Նվիրակ Մարեկ եպիսկոպոս Սոչինսկին ընթերցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում