Տարածաշրջանային

Թուրքիայի ընտրական մարմինը մերժել է Սևան Նիշանյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընտրական մարմինը մերժել է Սևան Նիշանյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին Լիբերալ դեմոկրատական կուսակցության (LDP) կողմից խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու հայտը` նրա դատված լինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում գտնվում է բանտում, Թուրքիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում: Սևան Նիշանյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել էր սեպտեմբերի 17-ին: Կուսակցության ցուցակում նա զբաղեցնում էր առաջին տեղը:

Նիշանյանի թեկնածության առաջադրումը կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Թարըք Բեյհանը պայմանավորել էր այն բանով, որ մարդու իրավունքների և ազատությունների հարցում նա Թուրքիայում աչքի է ընկել իր անվախ կեցվածքով:

2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվելու է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալիների համար համեմատաբար ավելի մեղմ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում