Տարածաշրջանային

Էրդողանը Գերմանիայից պահանջել է հանձնել հետախուզվող թուրք դատախազներին

3 րոպեի ընթերցում

Էրդողանը Գերմանիայից պահանջել է հանձնել հետախուզվող թուրք դատախազներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Գերմանիային, որ իր երկիրն ապագայում չի հանձնի որեւէ հանցագործի, եթե Գերմանիան հրաժարվի հանձնել դատախազ Զաքերիա Օզին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Today`s Zaman-ը:

Էրդողանը նման կարծիք է հայտնել չնայած այն բանին, որ Ինտերպոլը դեռեւս Օզի ձերբակալության մասին «կարմիր ծանուցագիր» չի տվել:

Այդուհանդերձ, իր հայրենի Ռիզեում ելույթ ունենալով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների առաջ` Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ինտերպոլը Օզի եւ հետախուզվող մյուս դատախազի` Ջելալ Քարայի ձերբակալության համար «կարմիր ծանուցագիրը» կտա մոտ ժամանակում:

«Տեսնենք ինչ կանի Գերմանիան, երբ «կարմիր ծանուցագիրը» տրվի», -ասել է նա:

Խոսելով իր մասին երրորդ դեմքով, Էրդողանը հայտարարել է, որ եթե Գերմանիան չհանձնի Օզին, ապա այլեւս երբեք չի տեսնի, որ ինչ-որ հանցագործ հանձնվի նրան Թայիփ Էրդողանի ստորագրությամբ»:

Թուրքիան ժամանակ առաջ հայտարարել է, որ երկրից փախուստի դիմած դախազներ Օզն ու Քարան, առաջինը հայտնվել են Վրաստանում, եւ իբր, այնտեղից էլ անցել են Հայաստան: Սակայն, այն բանից հետո, եր ՀՀ անվտանգության ծառայությունը հերքել էր թուրք դատախազների Հայաստան ժամանելու մասին լուրը, Անկարան անմիջապես հայտարարել է, որ նրանք գտնվում են Գերմանիայում:

Զաքերիա Օզն ու Ջելալ Քարան 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած` «Մեծ կաշառք» կոչված կոռուպցիոն սկանդալը բացահայտած բարձրաստիճան դատախազներն են: Այդ ժամանակ մերկացվել էին Էրդողանի որդու, դստեր եւ փեսայի, ինչպես նաեւ մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները:

Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Այդ խայտառակությունը կոծկելու նպատակով, Էրդողանի հրամանով Զաքերիա Օզն ու գործը ղեկավարող մյուս դատախազները հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: Նրանց նկատմամբ դատական գործեր հարուցվեցին:

Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը «գյուլենականներից մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում