Տարածաշրջանային

Դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5, իսկ Արիֆ Յունուսին 7 տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

Դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5, իսկ Արիֆ Յունուսին 7 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5, նրա ամուսնուն` պատմաբան-գիտնական Արիֆ Յունուսին` 7 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, դատավճիռը հրապարակելու ժամանակ Արիֆ Յունուսը հիվանդության պատճառով գտնվել է գրեթե անգիտակից վիճակում: Նա պառկած է եղել` գլուխը դրած կնոջ ծնկին:

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգքրի «խոշոր չափերի հասնող վնաս պատճառելու խադախության» մեջ: Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել «խոշոր չափերի խարդախության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերից խուսափելու, «փաստաղթերի կեղծման» հոդվածներով:

Ամուսինների նկատմամբ «պետական դավաճանության» մեղադրանքն անջատվել է որպես գործի առանձին մաս:

Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն: Յունուս ամուսինների ձերբակալության իրական պատճառն այն է, որ Լեյլա Յունուսը իշխանություններից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված մոտ 100 քաղբանտարկյալների եւ այդ հարցով մշտապես դիմել միջազգային կառույցներին:

Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել:

Լեյլա Յունուսը Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ է: Նա արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոյի (Sergio Vieria de Mello) անվան պարգեւի: Լեյլա Յունուսը նաեւ «Թեոդոր Հաքեր» գերմանական պարգեւի մրցանակակիր է:

Տեղական եւ միջազգային հանրության աջակցությունը սրնթաց կերպով կորցնող ալիեւյան վարչակարգն իր իշխանությունը պահպանելու միակ ուղին տեսնում է ադրբեջանական հասարակությանը ճնշելու եւ վախ սերմանելու մեջ: Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները շարունակում են քաղաքացիական հասարակության եւ մամուլի դեմ բռնաճնշումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում