Պաշտոնական

ՀՀ վարչապետը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետը նշել է, որ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ և դրա իրացման գործում կարևորել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների և ժողովուրդների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման:

Շնորհակալություն հայտնեով ջերմ ընդունելության համար՝ Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր` ի նպաստ երկու պետությունների միջև բազմոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման: Դեսպանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում