Պաշտոնական

ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը. Տրայան Հրիստեա

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը. Տրայան Հրիստեա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պարոն Հրիստեայի գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել դեսպանին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին՝ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով ցուցաբերած օժանդակության համար:

Իր հերթին, Տրայան Հրիստեան ևս շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ սերտ համագործակցության և մի շարք հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունն ակտիվ զարգացում է ապրել և ընդգծել, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաև Հովիկ Աբրահամյանը՝ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի պաշտոններում: Միաժամանակ, Տրայան Հրիստեան շեշտել է, որ ԵՄ-ն այսուհետ ևս պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը, մնալ Հայաստանում բարեփոխումների իրականացման հիմնական սատարողներից մեկը, ինչպես նաև մեր երկրին ցուցաբերել բյուջետային աջակցություն՝ մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար: Պարոն Հրիստեան տեղեկացրել է, որ վարչապետ Աբրահամյանի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հանձնարարել է արագացնել փաստաթղթային բոլոր գործընթացները՝ ՀՀ-ում հետագա բարեփոխումներն առաջ մղելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը Տրայան Հրիստեային մաղթել է հաջողություններ աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում