Արտաշատցի ըմբիշը միջազգային մրցաշարում արժանացել է հատուկ մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գուլեւիչի քաղաքում հունիսի 28-30-ն անցկացված, 1998-99 թվականներին ծնված պատանիների միջազգային մրցաշարում արտաշատցի ըմբիշ, 63 կգ քաշային Գեղամ Գալստյանն իր քաշային կարգում դարձել է մրցաշարի չեմպիոն` հաղթելով բոլոր մրցակիցներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ մրցավարական հանձնախմբի միաձայն որոշմամբ՝ Գեղամը ճանաչվել է մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած ըմբիշ եւ պարգեւատրվել հատուկ մրցանակով:

«Այս տարվա Հայաստանի չեմպիոններ` 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 63 կգ քաշային Արման Անդրեասյանը մասնակցեցին իրենց քաշային կարգից մեկական կգ ավելի քաշային կարգում` գրավելով երրորդ մրցանակային տեղը: Նրանք շատ լավ պատրաստված տղաներ են: Բարձր քաշային կարգում հանդես գալն էլ հենց պատճառ դարձավ, որ նրանք չկարողացան հասնել ավելի լավ արդյունքների»,- պարզաբանեց մարզադպրոցի տնօրենը: Մրցաշարում Շմավոն Թեւանյանը, ով հանդես էր եկել 35 կգ քաշային կարգում` զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը:

Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Ղազախստանի, ՌԴ տարբեր մարզերի եւ ինքնավար հանրապետությունների մարզադպրոցների շուրջ 500 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 10 մարզիկ:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով, ինչպես նաեւ առաջին մրցանակային տեղը գրաված մարզիկները ստացան 200, երրորդ մրցանակային տեղը գրաված մարզիկները` 150, իսկ երրորդ տեղ գրավածները` 100-ական ԱՄՆ դոլար դրամական պարգեւ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն