ՕՍԼՕ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունն ընդունել է որոշում` համաձայն որի՝ այդ երկրի երեխաները սկսած 7 տարեկանից իրավունք ունեն փոխել իրենց սեռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Local պարբերականը, սա սեռը փոխելու ըարիքի ամենացածր շեմն է, որը երբեւէ հաստատվել է աշխարհում:
Երկրի առողջապահության նախարար Բենթ Հոյթը հայտարարել է, որ սա կարեւոր հարթակ է, որտեղ Նորվեգիան մնացած երկրներից տարիներ շարունակ հետ է մնացել: «Այժմ մենք կարող ենք երջանիկ լինել, որ կարողացանք իրագործել այդ նախաձեռնությունն ու դրան տալ օրենքի ուժ»,- ասել է նախարարը:
Նորվեգիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ եվրոպական բազմաթիվ երկրներում թույլ է տրվում սեռափոխություն 18 տարեկանից հետո, երբ անձը դառնում է չափահաս եւ կրում պատասխանատվություն իր արարքների համար: Սակայն Նորվեգիայում կարծում են, որ ընտրել են «ոսկե միջին» տարբերակն ու պետք է թույլ տալ անձին դեռեւս վաղ հասակում որոշել, թե ինքը որ սեռին է պատկանում: Մինչ այս տարվա ապրիլը Նորվեգիայի կառավարությունը չի խոչընդոտել, որպեսզի իր քաղաքացիները ենթարկվեն սեռափոխության վիրահատության միջոցով, սակայն որոշ մարդիկ դա համարել են մարդու իրավունքների խախտում:
Ըստ Հոյթի՝ 6-ից 16 տարեկան պատանիները և աղջիկները պետք է խորհրդակցեն իրենց ծնողների հետ սեռափոխությունից առաջ, ինչից հետո նրանք կկարողանան փոխել իրենց սեռը` առանց հոգեբանական կամ վիրահատական միջամտության: Ըստ նախարարի՝ սա առաջին հերթին միտված է պատանիների առողջության պահպանմանը եւ դրա համար Նորվեգիայում որոշումը համարում են պատմական: