ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումը փոխել է: Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, վեհաժողովը քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով: «Արդարությունը դեռ շնչում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ֆեյսբուքյան իր էջում գրում է Հովհաննիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին ասել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: