Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովի նախագահը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը ամենաարդյունավետն է համարում

4 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովի նախագահը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը  ամենաարդյունավետն է համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման հունի մեջ տեսնել ցանկացող պետությունների առաքելությունը պետք է լինի Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի` Հայաստանում կատարած հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկում է Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմն ընդլայնել: «Մինսկի խմբի անդամ երկրները 11-ն են, բայց դա չի նշանակում, որ 11-ն էլ իրավունք ու լիազորություն կունենան հակամարտության հարցով զբաղվել ավելի արդյունավետ, քան Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Տարբեր ժամանակներում եղել են առաջարկներ թե՚ Եվրամիության եիկրների, թե այլ պետությունների կողմից՝ իրենց քաղաքական ծառությունները մատուցել հակամարտության կարգավորման գործում: Դա, իհարկե, ողջունելի է, բայց այն հանգամանքը, որ պետությունները աջակցում են Մինսկի խմբի քայլերին, արդեն բավարար երաշխիք է, որ 20 տարի անընդհատ խնդիրը մնա խաղաղ կարգավորման հունի մեջ: Այդ երկրները պետք է Ադրբեջանին բերեն մի դաշտ, որտեղ հնարավոր կլինի խոսել բանակցային հարցերից և թույլ չտան նրան յուրաքանչյուր անգամ ձախողել ձեռքբերումները կամ ձևախեղել բանակցային գործընթացը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Արտակ Զաքարյանը:

Պատասխանելով հարցին, որ չնայած Ադրբեջանի ապակառուցողական գործունեությանը` ԵԱՀԿ գործող նախագահը եկավ ու Հայաստանում ներկայացրեց նրանց առաջարկը` Արտակ Զաքարյանը նկատեց, որ անկախ հնչեցվող առաջարկություններից` հակամարտության կարգավորման տրամաբանությունը չի փոխվել: «Այս փուլում հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխություն չի կարող լինել, քանի որ այն ամբողջությամբ հենված է միջազգային սկզբունքի վրա, ամբողջությամբ արտահայտում է միջազգային նորմերի ողջ գաղափարականությունը, ունի բավարար դետալացված միջավայր, այսինքն` ապահովում է բոլոր հնարավոր խնդիրների քննարկումը: Մինսկի խմբի ձևաչափը, եռանախագահությունը շարունակում է մնալ ամենարդյունավետ տարբերակը»,- ավելացրեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունն էլ, որպես հակամարտության երեք կողմերից մեկն, ունի իր հստակ մտեցումը` ապահովել ԼՂՀ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության: Բայց շատ հարցեր կան, որոնք պետք է լուծում ստանան Ստեփանակերտում, և վերջնական լուծումների մասին խոսել՝ նշանակում է ունենալ Ստեփանակերտի համաձայնությունը: Համանախագահները, պատահական չէ, որ այցելում են Արցախ, գործընթացի մասին շատ հարցեր քննարկում Արցախի իշխանությունների հետ»,-հավելեց Արտակ Զաքարյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արատքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հունիսի 3-ին ՀՀ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրեն առաջարկ էր ներկայացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների թիվն ընդլայնելու մասին: Դաչիչն, ընդգծելով, որ առաջարկը նոր չէ, և որ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծանոթ է դրան, նշեց, որ այս հարցի շուրջ անհրաժեշտ է բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է նաև, որ այդ հարցում դեռևս կոնսենսունս չի տեսնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում