Սփյուռք

Արամ Ա-ն Կանադայում հանդիպել է վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Կանադայում հանդիպել է վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 3-ին Օտավայում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Կանադայի ժողովրդին ու կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով իրենց որդեգրած հստակ կեցվածքի համար: Վեհափառ Հայրապետը նաև իր մտահոգությունն է հայտնել ընդհանրապես Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ու կոչ է ուղղել Կանադայի պետությանն ավելի գործոն կերպով օժանդակելու սիրիական տագնապի լուծմանն ու քրիստոնյա համայնքների պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը վարչապետին պարգևատրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Իշխան» շքանշանով՝ որպես գնահատություն հայ ժողովրդի արդար դատի նկատմամբ ցուցաբերած աջակցության:

Նախ հանդիպում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի և վարչապետի միջև, ապա հանդիպմանը միացել է Նորին Սրբության գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքյանը, Ազգային կենտրոնական վարչության անդամ Ժիրայր Պասմաջյանը, Ազգային վարչության ատենապետ Գրիգոր Տեր Ղազարյանը, Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Տիար Րաֆֆի Տոնապետյանը և Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում