Էրդողանը հայերի հասցեին ռասիստական հայտարարություն է արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով սահմանադրությամբ արձանագրված նախագահի անկողմնակալության սկզբունքը, շարունակում է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քարոզչություն իրականացնել` թիրախավորելով հասարակության տարբեր զանգվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, Բինգյոլում տեղի ունեցած ելույթում Էրդողանը ռասիստական հայտարարություններ է հնչեցրել հայերի, լրագրողների և համասեռամոլների հասցեին` մեղադրելով նրանց խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մեջ:

«Նրանց մեծագույն աջակիցը «Դողան» մեդիան է: Հայկական լոբբին, հոմոսեքսուալները և նրանք, ովքեր հավատում են «ալևիզմին առանց Ալիի», խռովության կողմանկիցներ են»,- հայտարարել է Էրդողանը:

Նախընտրական պայքարի շրջանակներում Էրդողանն առաջին անգամը չէ, որ փորձում է սևացնել քրդական կուսակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա ընտրություններում հաղթահարել տասը տոկոսի նախընտրական շեմը: Թուրքիայի նախագահը բազմիցս արդեն վիրավորական և ռասիստական հայտարարություններ է արել հայերի հասցեին` մեղադրելով քրդական կուսակցությանն աջակցելու մեջ: Ուրֆայում տեղի ունեցած հանրահավաքի ելույթում անդրադառնալով թուրք-քրդական բախումներին և ակնարկելով ընդդիմությանը` նա հանդես է եկել զավեշտալի հայտարարությամբ` ասելով, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»:

Հայերեն