Սփյուռք

Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Բոստոնի հայկական գաղութի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Բոստոնի հայկական գաղութի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 3-ի առավոտյան Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում նախաճաշել է գաղութի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունը ներկաների հետ խոսել է գաղութի ազգային և եկեղեցական կյանքի վերակազմակերպման աշխատանքների մեջ եկեղեցու կարևոր դերակատարության մասին: Նա նշել է. «Մեր բոլոր կազմակերպություններն իրար կամրջողը նույն և միակ նպատակն է ծառայել մեր ազգի և եկեղեցու գերագույն արժեքներին: Հետևաբար, անհրաժեշտ է, որ մեր բոլոր աշխատանքները լինեն ներդաշնակ, որպեսզի առավելագույն արդյունքի հասնենք: Եկեղեցին կոչված է ամրապնդելու մեր կազմակերպությունների աշխատանքները, և մեր կազմակերպությունները՝ իրենց հերթին զորակցելու եկեղեցուն: Անշուշտ, եթե յուրաքանչյուր կազմակերպության գործունեության շեշտավորումը տարբեր է, պետք է գործակցենք որպես մեկ ընտանիք, և եկեղեցին կարևոր դեր ունի այս բոլորը համախմբելու մեջ: Այս սկզբունքով է գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և իր ծառայությունն է բերում մեր ազգի հոգևոր, եկեղեցական, ազգային, մշակութային, Հայոց ցեղասպանության ճանաչման ու մարդկային իրավունքների բնագավառներում»:

Վեհափառ Հայրապետն այցելել է «Հայրենիք» շաբաթերթի կենտրոն և հանդիպում ունեցել կենտրոնի պատասխանատու մարմինների հետ: Նա հարցազրույց է ունեցել սիրիահայության, հայ եկեղեցու բարեկարգության, Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թուրքիայի Սահմանադրական դատարանում բացված դատի մասին:

Նա նաև այցելել է Բոստոնում գտնվող Ցեղասպանությանը նվիրված «Հայկական ժառանգություն» զբոսայգին և հուշարձանը, որից հետո այցելել է «Ամերիկայի հայկական թանգարան»` բարձր գնահատելով պատասխանատուների տարած աշխատանքը հայ մշակույթի պահպանման ու օտարներին ծանոթացնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում