Սփյուռք

Արամ Ա-ն Բոստոնում այցելել է Ս. Ստեփանոս ազգային վարժարան

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Բոստոնում այցելել է Ս. Ստեփանոս ազգային վարժարան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանի և միաբան հայրերի ընկերակցությամբ հունիսի 1-ի առավոտյան այցելել է Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Դպրոցի մուտքի մոտ նրան դիմավորել են Ս. Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Անդրանիկ Ավ. Պալջեյանը, վարժարանի հոգաբարձուները, տնօրեն տիկ. Հուրի Պոյամյանը և ուսուցչական կազմը:

Վարժարանի տնօրենը ողջունել է Վեհափառ Հայրապետին և շնորհակալություն հայտնել այցելության համար: Վեհափառ Հայրապետը նախաճաշել է վարժարանի աշակերտների հետ, որից հետո դպրոցի աշակերտները երգեր ու ասմունքներ են ներկայացրել:

Նորին Սրբությունը գնահատել է եկեղեցու և վարժարանի հոգաբարձուներին, տնօրինությանը, ուսուցչական կազմին ու ծնողներին բոլոր զոհողությունների համար: Խոսքն ուղղելով աշակերտներին` նա նշել է, որ հայոց լեզվի նկատմամբ պետք է հատուկ սեր ու հետաքրքրություն ունենալ, հպարտանալ հայ լինելով և յուրաքանչյուրն իր հերթին մասնակից դառնալ համայնքի կյանքին:

Ավարտին Վեհափառ Հայրապետը շրջել է վարժարանի բոլոր դասարաններով և զրուցել աշակերտների հետ: Նա մոտիկից հետաքրքրվել է աշակերտների հայեցի առողջ դաստիարակության և քրիստոնեական կազմավորման դպրոցի մշակած ծրագրերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում