Սփյուռք

Արամ Ա-ն պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին

2 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդառաջելով Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդ սրբազաններին և Ամերիկայի Հայ դատի գրասենյակին` Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մայիսի 28-ին Բոստոնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ասպետ» շքանշանով պարգևատրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, ով տասը տարի առաջ, անսալով մարդկային իրավունքների պաշտպանության արժեքների իր ներքին ձայնին, հայտարարել էր Հայոց ցեղասպանության իրողությունը, քայլ, որի պատճառով իր դիվանագիտական գործունեությունը վերջ էր գտել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Շրջանի ընդհանուր ոստիկանապետ Փիթր Քյությջյանը, ներկայացնելով դեսպան Էվանսին, նրան որակել է նոր օրերի Հենրի Մորգենթաու, ով իր ձայնը քաջաբար բարձրացրել էր հանուն արդարության: Նախկին դեսպանը պատգևատրվելուց հետո իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ու հայ ժողովրդին՝ իրեն ընձեռած պատվի համար:

Նորին Սրբությունը, խոսքն ուղղելով նրան, նշել է. «Պարոն դեսպան, դուք քաջություն եք ունեցել ճշմարտությունը բարձրաձայն, հստակ ու հրապարակային ասելու: Աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող ճշմարտությունը ծածկել. քաղաքական և դիվանագիտական ուժերը կփորձեն այս կամ այն պատճառով շուքի տակ առնել ճշմարտությունը, սակայն չկա ուժ, որ կարողանա ճշմարտությունը եղծել: Դուք ճշմարտությունն ասացիք, գրավեցիք ամբողջ հայ ժողովրդի սիրտը և օրինակ հանդիսացաք ու դարձաք ճշմարտության դեսպանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում