Սփյուռք

Բոստոնում Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել մայիսի 28-ին նվիրված միջոցառում

2 րոպեի ընթերցում

Բոստոնում Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել մայիսի 28-ին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոստոնի հայկական կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառում:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, հոգևոր հովիվներ, ավելի քան հինգ հարյուր բոստոնաբնակ հայեր:

Միջոցառման սկզբում տեղի է ունեցել եռագույն դրոշի օրհնություն: Խոսքով հանդես է եկել նաև Վեհափառ Հայրապետը: Խոսելով մայիսի 28-ի մասին՝ նա նշել է. «Ճիշտ է, Հայաստանի անկախությունը շատ կարճ տևեց, սակայն մայիսի 28-ը իբրև ոգի մնաց մեր ժողովրդի կյանքում: Մայիսի 28-ը որպես ոգի սավառնեց մեր ժողովրդի կյանքից վերև՝ Երևանից մինչև սփյուռքի բոլոր անկյունները: Մեր ժողովրդի զավակները նույն ոգով ապրեցին, պայքարեցին, այդ ոգով մեր ժողովրդի պահանջատիրությունը նոր հուն, նոր ընթացք և նոր վճռականություն ստացավ: Մայիսի 28-ի ոգին մեր մեջ վառ պահեց ազատ ու անկախ Հայաստանի, ամբողջական Հայաստանի, ամբողջական հայության վառ երազը և այդ նույն ոգին է, որ վերակերտեց Հայաստանի անկախությունը»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և նրա հետևանքներին` Վեհափառը շեշտեց. «Մենք կորցրեցինք մեր ժողովրդի մեկ ու կես միլիոն զավակներին, եկեղեցի, դպրոց և ունեցվածք: Ցեղասպանությամբ դարձանք հայրենազուրկ, հետևաբար հողային պահանջը Հայ դատի առանցքն է կազմում: Վա'յ մեզ, երբ մենք կորցնենք ամբողջական Հայաստանի տեսիլքը»:

Նորին Սրբության հայրապետական սրտառուչ պատգամը հաճախ ընդհատվել է ներկաների ծափողջույններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում