Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Չիկագոյի հայկական եկեղեցի

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն այցելել է Չիկագոյի հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015թ. ոգին, հավատքը և հանձնառությունը Հայ դատի նկատմամբ պետք է շարունակվի. սա է 100-րդ տարելիցի իմաստը. Չիկագոյի Ամենայն Սրբոց եկեղեցի կատարած այցելության ժամանակ իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական էջից: Վեհափառ Հայրապետին ընկերակցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը և գավազանակիր Տ. Պետրոս Աբղ. Մանվելյանը: Եկեղեցու մուտքի մոտ Նորին Սրբությանը դիմավորել է եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Զարեհ Ավ. Քհնյ Սահակյանը:

Առաջնորդ Սրբազանն անդրադարձել է Չիկագոյի գաղութի վերջին քառասուն տարվա պատմությանը` նշելով, որ ոչնչից սկսված այս գաղութն այսօր ունի կազմակերպված աշխույժ կյանք, եկեղեցի և կենտրոն` շնորհիվ հայ եկեղեցու և մեր ազգային արժեքների նկատմամբ ունեցած հավատարմության: Ապա հանդես է եկել Նորին Սրբությունը` գնահատանքի խոսքեր ասելով Սրբազան առաջնորդին, եկեղեցական դասին և բոլոր նրանց, ովքեր նվիրումով լծվել են եկեղեցու ու ազգային ծառայությանը և ողջունել է Ամենայն Սրբոց եկեղեցու ժողովրդին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` Վեհափառ Հայրապետը նշել է. «2015թ. ոգին, հավատքը և հանձնառությունը Հայ դատի նկատմամբ պետք է շարունակվի, սա է 100-րդ տարելիցի իմաստը: Սա պետք է լինի 100-րդ տարելիցի պատգամը մեզնից յուրաքանչյուրի համար: Ես ուրախությամբ եմ լսում, որ Չիկագոյի մեր գաղութն այս ոգով շարունակում է ապրել իր կյանքը»:

Եկեղեցական արարողությունից հետո տեղի է ունեցել աջահամբույր: Գաղութի «Դանիել Վարուժան» մեկօրյա վարժարանի աշակերտներն ասմունքել և ազգային ու հայրենասիրական երգեր են կատարել:

Օրվա ընթացքում Վեհափառ Հայրապետը տարբեր հանդիպումներ է ունեցել գաղութի ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում