Մարզային

Սյունիքում հանգրվանել են Եղեռնից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթականներ. Սուրիկ Խաչատրյան

7 րոպեի ընթերցում

Սյունիքում հանգրվանել են Եղեռնից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթականներ. Սուրիկ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 24-ին մարզկենտրոն Կապանում մասնակցել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումներին: Ներկա էին մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռ. Սարգսյանը, Սյունիքի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը, գնդապետ Կ. Սերոբյանը, փոխգնդապետ Մ. Վարդանյանը, տանկային կորպուսի հրամանտար, փոխգնդապետ Զ. Բժշկյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի ողջ անձնակազմը, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումն սկսվել է երթով: Երթի մասնակիցները Գ. Նժդեհի հրապարակից շարժվել են Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ:

Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն մատուցել է հոգեհանգստի կարգ, որին հետևել է 100 մանկավարժներից կազմված երգչախմբի ելույթը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Կապան համայնքի քաղաքապետ Ա. Հայրապետյանը մասնակցել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի հիմնարկեքին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետը մասնավորապես նշել է.«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորագույն ձեռնարկումներից է Համահայկական հռչակագիրը` հռչակված 2015 թվականի հունվարի 29-ին և ներկայացված համայն աշխարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մեծ տերությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին պատասխանատվություն է հենց իրենց խղճի առաջ: Մեր խնդիրը հզոր լինելն է: Ցավն ու վիշտը վաղեմություն չունեն, 100 տարի, թե 200` ես չեմ կարծում, որ տարիները հային մոռացություն կամ անտարբերություն կբերեն»:

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում անցկացվել է ոգեկոչման երեկո, որի ընթացքում Եղեռնի իրագործման, պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությամբ հանդես է եկել պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը: Սյունիքում 1915 թվականին տեղի ունեցած պատմական իրադարձությունների պատկերը ներկայացրել է Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գ. Սմբատյանը:

Կապան համայնքի քաղաքապետ Ա. Հայրապետյանը պարգևատրել և նվերներ է հանձնել քաղաքապետարանի կողմից կազմակերպված, Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ասմունքի, շարադրության, գեղանկարչության, դերասանական արվեստի մրցույթում հաղթող աշակերտներին:

«Սիրելի հայրենակիցներ, հարյուր տարի առաջ` 1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայում նոր և վճռական փուլ թևակոխեց հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը պետական մակարդակով ծրագրված իրականացվում էր 19-րդ դարավերջից և շարունակվեց մինչև 1920-ական թվականները:

Այսօր գլուխ ենք խոնարհում Ցեղասպանության զոհ դարձած մեր նահատակ հայրենակիցների, ինչպես և բոլոր հայորդիների շիրիմների առջև, ովքեր մեր պատմության դժվարագույն այդ օրերին գլխավորեցին հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ մղվող անհավասար պայքարում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ականատես եղանք իրադարձությունների, մաքուր և սրբազան արարողությունների, որոնք ըստ պատշաճի, ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին նահատակված մեր հայրենակիցներին, աշխարհով մեկ նորովի պարզեցին մեր արդար պահանջատիրության դրոշը և մեզ կանգնեցրին համազգային համախմբումի և վերելքի միանգամայն նոր դիրքերում:

Հիշատակման արժանի է հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը` 2015 թվականի հունվարի 29-ին հռչակված և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համայն աշխարհին ներկայացված:

Պատմական բացառիկ իրադարձություն էր Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կազմակերպած Սուրբ պատարագը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուշագրավ էր Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խորհրդավոր ծիսակարգը, որին ականատես եղանք երեկ, որի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերը թագադրվեցին Սրբության պսակով:

Երեկ` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման պատարագի ժամանակ, հուզմունքով ու հպարտությամբ էինք լսում մեր հոգևոր առաջնորդներին, ովքեր հիշատակեցին Հայ Առաքելական եկեղեցու վերջին երեք սրբերին, երեքն էլ` Սյունիքից` Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Մովսես Տաթևացի (Խոտանանցի):

Դա ևս մեկ անգամ վկայեց, որ Սյունիքը ոչ միայն նվիրական սրբավայր է հայ ժողովրդի համար, այլև հայոց անկախ պետականության հիմնասյուներից է:

Անհնար է չհիշել ականավոր սյունեցիներին, ովքեր արևմտահայության ազատամարտի կազմակերպման եւ գաղթականության կյանքի ու անվտանգության ապահովման գործում, նաև Հայ դատի համար պայքարում բացառիկ դեր խաղացին` Պողոս փաշա Նուբարյան, Արամ Մանուկյան, Փարամազ (Մատթեոս Սարգսյան), Ներսես Մելիք-Թանգյան, Ակնունի (Խաչատուր Մալումյան) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանության տարիներինև հատկապես 1915թ. ու դրան հաջորդող ժամանակաշրջանում Սյունիքը եղավ այն հուսալի և ապահով օջախներից մեկը, որտեղ հանգրվանեցին Եղեռնից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթականներ ու որբեր: Նրանցից շատերն ընդմիշտ մնացին Սյունիքում, մերվեցին տեղի բարքերին, ճյուղավորվեցին և ահա, որերորդ սերունդն է, նվիրումով մասնակցում են մեր լեռնաշխարհի ընթացքին, Սյունյաց աշխարհը համարում իրենց բնօրրանը»,- իր ելույթում նշեց Սուրիկ Խաչատրյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Կապան համայնքի քաղաքապետ Ա. Հայրապետյանին՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ և մասշտաբային կազմակերպման համար:

Ոգեկոչման արարողությունն ավարտվել է Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի օրհնությամբ և աղոթքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում