Հայոց ցեղասպանության նահատակների իրավունքը պետք է վերականգնվի միայն Ցեղասպանության հետեւանքների հատուցմամբ. Հենրի Թերիո
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ 22 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գլխավոր հարցը պետք է դառնա ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարն, այլեւ պահանջատիրության եւ հատուցման արդարացի հարցի բարձրացումը: Այս առումով ամերիկացի Հենրի Թերիոն, ով 2007թ.-ից ղեկավարում է Հայոց ցեղասպանության փոխհատուցումների խումբն ու Արդարության բանաձեւի առաջատար հեղնակն է, շեշտում է, որ թուրքերը պարտավոր են հատուցել մեկ դար առաջ իրագործած Ցեղասպանության համար եւ դրա համար կան իրավական դրույթներ: «Ցեղասպանությունը բեռ է ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի համար: Նրանք բարոյական պատասխանատվություն են կրում: Փոխհատուցումը, որ պետք է թուրքերը կատարեն, կթեթեւացնի հայերի տառապանքը՝ որպես Ցեղասպանության հետեւանք: Այդ կերպ թուրքերը մի փոքր կկիսեն անարդարության մի չնչին մասը, որը պատմությունից բաժին է հասել նրանց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ նշեց Թերիոն՝ հավելելով, որ շուտով կհրատարկվի Արդարության բանաձեւի ամբողջական տարբերակը:
Նրա գնահատմամբ, հաղթած կամ ոչ, ժխտողականությունն ունենալու է իր ավարտը: «Ժխտողականության հանդեպ հաղթանակը վերջը չէ, այլ հետցեղասպանության գործընթացի այն մեկնարկը, որ կբերի արդարության վերականգնմանը, այն է՝ ցեղասպանության հետեւանքների հատուցումը: ժխտողականության դեմ պայքարը փոխարինի հետեւանքների վերացման հարցի բարձրացմամբ»,- ասաց նա՝ շեշտելով, որ Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը նյութական, մշակութային, բարոյական, հոգեւոր եւ անգամ ժողովրդագրական վնասներ է կրել:
«Նախ կրճատվել է Հայաստանի տարածքն, որը ներկայում նախացեղասպանության տարածքի չորս տոկոսն է: Բնական ծնելիության ընդհանուր գործակիցն ընկել է, եւ եթե Ցեղասպանությունը չլիներ, ապա Հայաստանի բնակչությունն այսօր կլիներ 20 միլիոն: Ցեղասպանության ժամանակ թուրքերը վերցրել են հայերի հողերը, բանկային հաշիվները, թանկարժեք իրերը: Բազմաթիվ թուրքեր փաստում են, որ հայկական գույքով է ստեղծվել նոր թուրքական հանրապետության տնտեսությունը: Թուրքական պետությունը հայկական ունեցվածքով է ստեղծվել: Թուրքական կառավարությունն ստացել է այս հարստությունը, որը հնարավորություն է տվել բարգավաճել»,- ընդգծեց Թերիոն:
Նա շեշտում է, որ Ցեղասպանության հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը համեմատաբար աղքատ պետություն է, որը չունի որեւէ ծովային ելք եւ ապրում է յոթանասուն միլիոնանոց Թուրքիայի մշտական սպառնալիքի տակ: Թերիոն ընդգծում է, որ այժմ Հայաստանն ունի որոշակի տնտեսական եւ քաղաքական խնդիրներ, սփյուռքն էլ պայքար է տանում իր ինքնությունը պահպանելու համար, եւ այս ամենը նույնպես Ցեղասպանության հետեւանքն է: «Այս պայմաններում շատ կարեւոր է հասնել արդարացի հատուցման, եւ սա պետք է լինի նոր քաղաքականության եւ նոր մոտեցման սկիզբը»,- ասաց նա: