Քաղաքականություն

Պատմաբանը կարևորում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերում «հայրենազրկում» տերմինի կիրառումը

2 րոպեի ընթերցում

Պատմաբանը կարևորում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերում «հայրենազրկում» տերմինի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարևորում է զանազան պետությունների խորհրդարանների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերում «հայրենազրկում» տերմինի կիրառումը: «Աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների Հայոց ցեղասպանությունը դատապարտող միայն մի քանի բանաձևերում է գործածվել «հայրենազրկում» տերմինը, որի կիրառումը հետագայում պարարտ հող է նախապատրաստելու Թուրքիայից մեր հողերի վերադարձման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ապրիլի 22-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:

Նա նկատեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելու որոշումն անակնկալ չէր: «Ամերիկայի միացյալ նահանգների գրեթե բոլոր նախագահները իրենց նախընտրական ելույթներում խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ դառնալուց հետո միանգամից մոռանում են իրենց խոստումների մասին»,-շեշտեց Մինասյանը և հավելեց, որ ինքը «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը մեծ տեղ չի տալիս: «Պատմությունը ցույց է տալիս, որ այն երկրների նախագահները, որոնք օգտագործել են «եղեռն» բառը, ավելի մեծ գործունեություն են ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, քան «ցեղասպանություն» եզրույթն արտասանած նախագահները, ինչը խոսուն փաստ է»,-պարզաբանեց Էդիկ Մինասյանը:

Սպիտակ տան պաշտոնյաները ԱՄՆ հայ համայնքին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Այս տեղեկությունն ԱՄՆ նախագահի նստավայրում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին հայտնել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս ՄըքԴոնաֆը և ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում