Հարցազրույց

Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է. Շառլ Ազնավուր

4 րոպեի ընթերցում

Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է. Շառլ Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը բարձր է գնահատել Հռոմի Ֆրանցիսկոս պապիհայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործած ամենասոսկալի ոճիրներից էր:Այս մասին երգիչը հայտարարել է լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պոզների պաշտոնական՝pozneronline.ruկայքը տեղեկացնում է, որ հարցազրույցը տեղի է ունեցելապրիլի 20-ին:

«Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որ ասում է ճշմարտությունն ու պաշտպանում այն` անկախ ամեն ինչից, չվախենալով ոչնչից, առանց վախի և նախատինքի»,-հայտարարել է Ազնավուրը:

«Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ: Ես ոչ մի բանի մասին հոգ չեմ տանում: Ես չգիտեմ՝ հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ, բայց մտածում եմ, որ նա, ում համարում են Աստված, կարող է մեզ տալ անհրաժեշտը»,-«Պոզներ»հաղորդման ժամանակ ասել է շանսոնյեն: Նա խոստովանել է, որ դիետա չի պահում: «Պետք չէ ուտել աղ, շաքար, յուղոտ բաներ…Ես այդ ամենն ուտում եմ»,-նշել է նա:

Երգիչը նաև հայտարարել է, որ սպորտով չի զբաղվում, բայց միշտ աշխատում է մեջքն ուղիղ պահել, որպեսզի միշտ տպավորություն ստեղծի, որ ամեն ինչ լավ է:

Ազնավուրը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղից է ուժեր ստանում: «Ես պարզապես անհաջողակ չեմ, մարդիկ կան, որ անհաջողակ են ծննդյան օրվանից, իսկ ես դրա հակառակն եմ»,-հավելել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ կասկածող մարդ է, սակայն դա չի բարդացնում իր կյանքը:

Շառլ Ազնավուրը նշել է, որ ապրիլի 24-ին անպայման ժամանելու է Երևան, որպեսզի մասնակցի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

«Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է»,- ասել է Ազնավուրը:

Երգչի կարծիքով ՝ թուրքերը հրաժարվում են ընդունել Ցեղասպանությունը երկու պատճառով:

«Նրանք չեն կարող դա ընդունել որպես փաստ, որովհետև նրանց կարևոր բառը պատիվն է: Եվ դա հնարավոր է հասկանալ: Բայց մեկ այլ բան էլ կա՝ մարդիկ բավականին հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»,-նշել է երգիչը:

Միևնույն ժամանակ, Շառլ Ազնավուրը ատելություն չի զգում թուրքերի նկատմամբ,այդպես նրան դաստիարակել է մայրը, ով ցեղասպանության հետևանքով կորցրել է իր ընտանիքը: «Մորս մոտ չկար թուրքերին ատելու զգացողություն: Նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»,-հավելել է նա:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում