Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն օծել է Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն օծել է Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել հայ եկեղեցու հիմնադիր Ս. Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերների օծման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից, սաղմոսների, աղոթքների և զանազան աստվածաշնչյան ընթերցումներով ու շարականների երգեցողությամբ նախ գինով ու ջրով օծվել են պատկերները: Ապա Արամ Ա կաթողիկոսը հայրապետական սուրբ աջով օծել է Ս. Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերների ճակատը, ինչպես նաև աջ ու ձախ կողմերը՝ ըստ հայ եկեղեցու ծիսական ավանդության: Օծումից հետո սրբապատկերները տեղադրվել են մայր խորանի աջ ու ձախ կողմերին:

Վեհափառ Հայրապետն իր պատգամն է փոխանցել ժողովրդին, որի ընթացքում անդրադարձել է Հայ եկեղեցու առաքելական ծագմանը, եկեղեցու պատմության ընթացքում սրբապատկերների կարևորությանն ու նրանց ծիսական գործածությանը և բարեպաշտական կյանքում ունեցած ներդրմանը:

«Եկեք այսօր որպես բարեխոս մոտենանք Ս. Թադևոս և Ս. Բարդուղիմեոս առաքեալներին և խնդրենք նրանց, որ մեր ժողովրդի բոլոր զավակներին շնորհեն հոգեկան ու ֆիզիկական առողջություն։ Մեր ժողովրդի կյանքը լցնեն ու կենսավորեն աստվածային ճշմարտություններով, ավետարանական արժեքներով և երկնային լույսով, որպեսզի Քրիստոսի կենարար ներկայությամբ հզորացած, պայծառակերպված շարունակենք մեր քրիստոնեական կյանքն Աստծո փառքի, մեր եկեղեցու ու ժողովրդի անսասանության համար»,- դիմելով ժողովրդին՝ նշել է կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում