Մշակույթ

Հայաստանի, հայերի ու Ցեղասպանության մասին նշանավոր օտարերկրացիների կարծիքներն ամփոփվել են երեք գրքերում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի, հայերի ու Ցեղասպանության մասին նշանավոր օտարերկրացիների կարծիքներն ամփոփվել են երեք գրքերում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, հայերի ու Հայոց ցեղասպանության մասին նշանավոր օտարերկրացիների կարծիքներըամփոփվել են երեք տարբեր գրքերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հայագիտակ» հրատարակչության ստեղծագործական անձնակազմն ապրիլի 17-ին Ռուսական արվեստի թանգարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Սև գիրք. օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» գրքի ռուսերեն հրատարակությունը և «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», «Եղբայրական օգնություն հայերին» գրքերը:

«Սև գիրք. օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին»գիրքը` օտարազգի հեղինակների ներկայացմամբ, լուսաբանում է XIX դարավերջից մինչև XX դարի առաջին քառորդի ողբերգական իրադարձություններն ու դրանց դրդապատճառները, որոնց հետևանքով բնաջնջվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, կողոպտվեց և յուրացվեց խաղաղ բնակչության ունեցվածքը, ընչազուրկ և որբացած հայության մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ:

«Եղբայրական օգնություն հայերին» գիրքը յուրատեսակ հայագիտական հանրագիտարան է, որի ստեղծման բուն շարժառիթը դարձյալ Հայոց ցեղասպանությունն է: Գիրքը հղացել, կազմել, ինչպես նաև ամբողջական տպաքանակն իրացրել է ժամանակի նշանավոր հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Ջանաշյանը (Ջանաշիև): Գրքի ստեղծմանը մասնակցել են անվանի մտավորականներ, իսկ գեղարվեստական ձևավորման և նկարազարդման գործում մեծ ներդրում են ունեցել հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: Աշխատությունն առաջին անգամ լույս է տեսել 1897 թվականին, հավելումներով և մշակումներով վերահրատարակվել` 1898 թվականին:

«Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գրքում տեղ են գտել ավելի քան 300 օտարերկրացի նշանավոր մատենագիրների, ճանապարհորդների, քարտեզագիրների, պատմիչների, քաղաքական, ռազմական, պետական, կրոնական գործիչների, գիտության, մշակույթի, գրականության անվանի ներկայացուցիչների բնութագրերը Հայաստանի և հայերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում