Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթն իր պատմությանը առերեսվելու, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ, որն արվել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի վերաբերյալ:

Հայտարարությունում նշված է. «Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը: Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին

Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։ Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին»:

Եվրոպայի խորհրդարանը ապրիլի 15-ին ընդնունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում